BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բաքու. «ԱՄՆ-ը՝ թշնամի, սկսել եվրասիական ինտեգրացիա»

Բաքու. «ԱՄՆ-ը՝ թշնամի, սկսել եվրասիական ինտեգրացիա»
16.09.2016 | 10:54

Տնտեսական բարեփոխումը վճռական փուլ է մտնում

Տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար տարիուկես առաջ սկսված բարեփոխումները Ադրբեջանում դանդաղում են, բայց մոտեցել են վճռական փուլին՝ գրում է Yeni Musavat-ը: Կառավարության ձեռնարկած հիմնական միջոցներն են՝ մաքսային ու հարկային համակարգի ազատականացումը, ոչնավթային սեկտորի զարգացումը, բյուրոկրատական խոչընդոտների վերացումը, պայքարը կոռուպցիայի դեմ: Musavat-ը արժանին է մատուցում նախագահ Իլհամ Ալիևի՝ ճիշտ ժամանակին ձեռնարկած միջոցներին, որոնց շնորհիվ ժողովուրդը բողոքի ցույցերի դուրս չեկավ, իսկ Բաքուն ստիպված չեղավ արտաքին փոխառությունների դիմել: «Պետք է հատուկ ընդգծել փոփոխությունները մաքսային ոլորտում, որտեղ երկար տարիներ խոչընդոտներ էին հարուցվում տեղացի ձեռներեցների ու արտասահմանցի ներդրողների առաջ, նաև երկրի գյուղատնտեսական ներուժի մեծացումը՝ քայլեր, որ ձեռնարկվել են խաղողագործության, ծխախոտարտադրության, բամբակագործության վրա, որ անտեսված էին նավթից ստացված եկամուտների պատճառով: Շարունակվում է գյուղացիներին գյուղատնտեսական կարիքների համար հողերի վերադարձի գրծընթացը, որ օկուպացրել էին օլիգարխները: Ավարտվում է լայնամասշտաբ ծրագիրը, որ ընդգրկում է տնտեսության բոլոր ոլորտները, որը խթան կդառնա մեծ բարենորոգումների համար և թույլ կտա Ադրբեջանի իշխանություններին հանգիստ շունչ քաշել առաջիկա 10 տարիներին»,-գրում է թերթը:
Բարենորոգումները կատարվում են միջազգային կոնսալտինգային McKinsey & Company ընկերության մասնակցությամբ, որը կազմել է ճանապարհային քարտեզ մինչև 2025-ը: Բարենորոգումների հիմնական նպատակն է ոչ միայն ուսումնասիրել տնտեսական վիճակը և շուկաների ներուժը, այլև Ադրբեջանը դարձնել տարածաշրջանի գլխավոր արտահանող երկիրը: Ծրագրվում է կենտրոնական իշխանության ուժեղացումը, որը վերահսկում է բարենորոգումների ու օրենքների կատարումը: Այդ նպատակով կստեղծվի փոխնախագահի ինստիտուտ: Musavat-ը հույս ունի, որ կընդլայնվի և ընդդիմության «գործունեության դաշտը»:


Հունաստանը գազային պատերազմ է մղում Ադրբեջանի դեմ Հունական գազային DESFA օպերատորի սեփականաշնորհումը դարձավ կռվախնձոր Աթենքի ու Ադրբեջանի SOCAR նավթային ընկերության միջև: Վեճի պատճառը Հունաստանի իշխանությունների՝ միակողմանի կարգով DESFA-ի վաճառքի տենդերային պայմանների փոփոխության որոշումն է: Հունաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը ասում է, որ ավելի մեծ շահույթ ստանալու հունական կառավարության ցանկությունը կարող է փչացնել երկկողմ հարաբերությունները: «Վարչական միջամտությունը նման հարցին կարող է խանգարել արտասահմանյան ներդրումների հոսքին: Եթե ինչ-որ մեկն ուզում է ինչ-որ մեխանիզմ փոխել, մենք դեմ չենք: Սակայն դա պետք է քաղաքակիրթ արվի: Իսկ այդ քայլը ձեռնարկվում է առանց համաձայնեցնելու SOCAR-ի, այսինքն հնարավոր ներդրողի հետ»՝ հայտարարեց Մուստաֆաևը: Ադրբեջանական ընկերությանը DESFA մասնաբաժնի 66%-ի վաճառքի պայմանագիրը կնքվել է դեռ 2013-ին: Գործարքի արժեքը €400 միլիոն է: Սակայն Հունաստանի նոր կառավարությունը վերանայել է պայմանագիրը՝ հայտարարելով, որ SOCAR-ը կարող է հույս ունենալ բաժնետոմսերի միայն 49% -ի վրա: «Իբր հիմք ընդունելով հակամենաշնորհային քաղաքականության սկզբունքները, Հունաստանը առաջարկում է SOCAR-ի բաժնեմասից 17% վաճառել երրորդ կողմի»,-գրում է Minval. Az-ը: Ենթադրաբար երրորդ կողմը իտալական Snam-ն է: Տեղեկացնելով, որ ավելի վաղ DESFA-ն ցանկանում էր գնել Գազպրոմը, Minval. Az-ը Աթենքի որոշման մեջ ռուսական հետք է տեսնում. «Հնարավոր է՝ գազային շուկայում Ադրբեջանի դիրքերի ուժեղացումը չի համապատասխանում Հունաստանի ու Կրեմլի շահերին, որի հետ Աթենքը շատ ջերմ հարաբերություններ ունի՝ չնայած ԵՄ պատժամիջոցներին: Միջազգային պատժամիջոցների տակ հայտնված Գազպրոմը խոշոր շուկաներ է որոնում: SOCAR-ի տրանսազգային ընկերություն դառնալը մրցակիցներին հանգիստ չի տալիս»: Հասկանալի չէ և ԵՄ-ի սպասողական դիրքորոշումը, որ ձգձգում է գործարքի հաստատումը՝ մրցակցության մասին եվրոպական օրենքի խախտման պատրվակով: Թեպետ ավելի վաղ Բրյուսելը «բաց մեսիջ էր հղում, որ ընկերությունը պետք է վաճառվի SOCAR-ին»: SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը սպասում է Հունաստանի կառավարության «հիմնավորումներին»:


Կառավարամետ թերթը պահանջում է խաչ քաշել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա և մերձենալ Ռուսաստանի հետ
Բաքվի լրագրողները անհանգիստ են, որ ԱՄՆ-ի քաղաքական մի քանի գործիչներ ձգտում են իրենց երկրի նկատմամբ պատժամիջոցներ հաստատել: Սեպտեմբերի 9-ին Washington Post-ում, որ արտահայտում է Վաշինգտոնի տեսակետը, հրապարակվեց ԱՄՆ վարչակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Դևիդ Կրամերի և Ռիչարդ Կոզլարիչի նամակը: Նրանք կողմ են Ադրբեջանի դեմ արգելամիջոցների սահմանմանը: Նախկին դիվանագետները «իրենց երկրի իշխանությանը կոչ են անում խաչակրաց արշավանք սկսել ադրբեջանական իշխանության դեմ»՝ գրում է Haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆատուլաևը: Նրան զայրացրել է, որ Կրամերն ու Կոզլարիչը ոչ մի խոսք չեն ասում Հայաստանում «քաղաքացիական դիմադրության ճնշման» մասին. «Հանրահավաքները Երևանում հավաքում են տասնյակ, երբեմն հարյուր հազարավոր մարդկանց և իշխանութունը զենքի ուժով ցրում է ժողովրդական ընդվզումը»: Ֆատուլաևը գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է կոշտ արձագանքեն Վաշինգտոնի «հարձակմանը»: Նա առաջարկում է համալիր և հեղափոխական միջոցառումներ. «1) Հրավիրել ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային ու նրան բողոքի նոտա հանձնել՝ Ադրբեջանի ներքին գործերին ուղղակի միջամտության պատճառով: Դեսպանը բացահայտված է ապստամբ ընդդիմությանը հանրահավաքներ և բողոքի ցույցեր կազմակերպելուն բացահայտ օգնություն ցույց տալու մեջ: 2) Հետ կանչել ԱՄՆ-ից Ադրբեջանի դեսպանին խորհրդակցության համար: 3) Կասեցնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում: 4) Հետ կանչել Աֆղանստանից Ադրբեջանի խաղաղապահներին: 5) Արգելել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի թռիչքը Ադրբեջանի օդային տարածքով: 6) Բացահայտ հայտարարել արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխության մասին: Սկսել ինտեգրման գործընթաց Եվրասիական և Մաքսային միություն: Ընդլայնել ռազմաքաղաքական գործընկերությունը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ: 7) Սկսել Ֆետուլա Գյուլենի ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների և նրա գործակալական ցանցի անդամների զանգվածային ձերբակալություններ Ադրբեջանում: 8) Քրեական հետապնդում սկսել Գյուլենի ահաբեկչական կենտրոնի գլխավոր ռեզիդենտ և ԿՀՎ-ի գործակալ Ալի Քերիմլիի դեմ: 9) Ադրբեջանի տարածքում արգելել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի գործունեությունը: Խիստ վերահսկողություն սահմանել ԱՄՆ-ից ստացվող դրամաշնորհների և ֆինանսական ներարկումների վրա»:


Կառավարամետ գործակալությունը, հիշեցնելով ԱՄՆ-ի «լղոզված դիրքորոշումը» Ղարաբաղի հարցում և նրանց համակրանքը «համաշխարհային հայության» նկատմամբ, Բաքվից պահանջում է ընտրություն անել: «Վաշինգտոնն իր ընտրությունն արել է հօգուտ Հայաստանի, բողոքարկու ընդդիմության և Բաքվում գյուլենականների ահաբեկչական կենտրոնի՝ հակակառավարական պլատֆորմի, որ հանդես է գալիս լեգիտիմ և օրինական իշխանության տապալման օգտին: Մի՞թե Ադրբեջանի իշխանությունը դեռ չի հասկացել՝ ով է թշնամի և ով՝ բարեկամ»՝ հարցնում է Էյնուլա Ֆատուլաևը:


Ֆիզուլի Մամեդով, REGNUM


Հ.Գ. Մեր ինչի՞ն են պետք ադրբեջանական մամուլի հրապարակումները, որ թարգմանում ու վերատպում ենք: Սխալ հարց է՝ մենք չենք կարող միայն մեր գրածները կարդալ ու հակառակորդին գնահատական տալ: Սա՝ մեկ, նրանք մեզ ավելի շատ են կարդում, քան մենք՝ երկու, և երրորդ՝ տեղեկատվական բաղադրիչը հիբրիդային պատերազմի ամենագործուն զենքերից մեկն է: Իսկ ընդհանրապես, ադրբեջանական թերթերի հրապարակումները վկայում են, որ երկրի տնտեսությունը ռազմական ծախսերը այլևս չի ձգում: Նկատեցի՞ք՝ ինչ նման են մեր ու նրանց բարենորոգումները՝ իրենց նպատակներով՝ հանած նավթը: Նկատի առեք՝ հարևանները ճանապարհային քարտեզ են կազմում մինչև 2025 –ը և ծրագրում են դառնալ տարածաշրջանի գլխավոր արտահանող երկիրը: Փաստորեն, Ադրբեջանը հայտարարում է, որ երկրի ներսում օլիգարխների դեմ է պայքարում ու մենաշնորհների, իսկ արտաքին շուկայում ձգտում է մենաշնորհի՝ հունական DESFA-ի բաժնետոմսերը միավորելով SOCAR-ի հետ ու ուժեղացնել նավթային շուկայում իր դիրքերը: Հետաքրքիր է, որ մի կողմից Հունաստանի կառավարության տենդերի պայմանների փոփոխության մեջ ռուսական հետք են տեսնում, մյուս կողմից առաջարկում են սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ մրցակցությու՞նը նավթի ու գազի շուկայում: Դե իսկ, Էյնուլա Ֆետուլաևի ուլտիմատումը ԱՄՆ-ին, որ միանշանակ գրվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, ավելի շատ նման է ԱՄՆ-ի դեմ Ադրբեջանի պատժամիջոցների, քան՝ ԱՄՆ-ի դեռ չընդունած պատժամիջոցների արձագանքի: Նրանք ընդամենը վախենում են և վախը փորձում են օգտագործել ոչ թե ԱՄՆ-ի դեմ, այլ իրենց ներքաղաքական խնդիրները լուծելու: Եթե իսկապես համարում են, որ Ֆետուլա Գյուլենը ահաբեկիչ է, ինչու՞ են թույլ տվել, որ նա «գործակալական ցանց» ունենա Ադրբեջանում: Եվրասիական ինտեգրումն էլ անհեթեթ շանտաժ է ԱՄՆ-ին, ոչ ավելին, որին կարող են հավատալ, ավելի ճիշտ՝ ցույց տալ, թե հավատում են Կրեմլում, բայց ոչ Վաշինգտոնում: Բաքվում շատ լավ գիտեն՝ իրենից ինչ է ներկայացնում Եվրամիությունը և ինչ՝ Եվրասիական միությունը՝ թե քաղաքական, թե տնտեսական հեռանկարների առումով: Կացնով քաղաքականությունը կարող է սպառում ունենալ միայն Ադրբեջանի ներսում, միջազգային ասպարեզում Բաքվին պարզապես անլուրջ գործընկեր կհամարեն ու երես կթեքեն, եթե նման հրապարակումներին ընթացք տրվի: Նկատեցի՞ք ադրբեջանցի լրագրողի «անկեղծ» մտահոգությունը Երևանյան հանրահավաքների «տասնյակ, երբեմն հարյուր հազարավոր մարդկանց» /փաստորեն նա նաև թվաբանություն չգիտի/ համար, որոնց «իշխանությունը զենքի ուժով ցրում է»: Իսկ ԱՄՆ-ը տեսնում է ու չի տեսնում՝ ըստ նրանց:

Դիտվել է՝ 2353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ